ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2018


«Ճանաչի՛ր ինձ»

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» ծրագիրը: Առաջին հանդիպումը Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ էր՝ թավջութակահար, քառյակի համահիմնադիր Սարգիս Ասլամազյանի անունը կրող թիվ 1 երաժշտական դպրոցում:
Դպրոցի սաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու կոմիտասյան երաժշտությունը շուրջ 95-ամյա պատմություն ունեցող լարային քառյակի կատարմամբ: 
Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունն ու նկատել, որ շատ երեխաների համար նման հանդիպումները բացառիկ հետաքրքրական կլինեն:
Համերգային ծրագրի ավարտին քառյակի անդամները շփվել են երեխաների հետ, նաև սիրով պատասխանել հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ քառյակի ստեղծման պատմության, հաջողության ճանապարհի և հետագա անելիքների մասին: