ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Գեղարվեստական ղեկավար

1-ին ջութակ - Էդուարդ Թադևոսյան
Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար,
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և  միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր

Երևանի մասնագիտական երաժշտական 10-ամյա դպրոցի, Տատյանա Հայրապետյանի դասարանի շրջանավարտ: Դեռևս դպրոցական, 1965թ. արժանացել է Անդրկովկասյան հանրապետությունների երիտասարդ երաժիշտների մրցույթի դափնեկրի կոչման:

Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Լեոնիդ Կոգանի սանն է: 1967 թվականին Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած «Հենրիկ Վենյավսկի» միջազգային մրցույթի դափնեկիր: Իսկ 1969 թվականին Փարիզի «Մարգարիտ Լոնգ» և «Ժակ Տիբո» միջազգային մրցույթի դափնեկիր:
1967 թվականից էլ սկսել է մենակատար- ջութակահարի համերգային գործունեությունը:

1970 թվականին Էդուարդ Թադևոսյանը Մոսկվայի կոնսերվատորիայի 5-րդ կուրսեցի էր, որ Ավետ Գաբրիելյանից հրավեր ստացավ աշխատելու «Կոմիտաս» քառյակում, որպես 2-րդ ջութակահար, իսկ 1976 թվականին հայ երաժշտության երախտավորի՝ Ավետ Գաբրիելյանի առաջարկությամբ ստանձնում է քառյակի 1-ին ջութակահարի և առաջատարի պարտականությունները:

«Կոմիտաս» քառյակի կազմում Էդուարդ Թադևոսյանը հանդես է եկել աշխարհի բազում երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Վենեսուելա, Կոլումբիա, Գերմանիա, Իսպանիա, Շոտլանդիա և այլուր:
Որպես մենակատար, նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Մալազիա, Հոլանդիա, Բեռլին, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Չեխոսլովակիա և այլուր:
Հանրապետության ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը համերգային գործունեությունը մեծ հաջողությամբ զուգակցում է մանկավարժությանը, «Կոմիտաս» կոնսերվատորիայում, որպես պրոֆեսոր և լարային ամբիոնի վարիչ:

ՍՅՈՒԶԻ ԵՐԻՑՅԱՆ 

2-րդ ջութակ - Սյուզի Երիցյան
Միջազգային մրցույթների դափնեկիր

Ծնվել է 1984թ. Երևանում, երաժիշտների ընտանիքում:
Ավարտել է Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան` պրոֆեսոր Արտաշես  Մկրտչյանի դասարանը:
Աշխատում է կոնսերվատորիայում` որպես լարային ամբիոնի ասիստենտ:
Հանդես է եկել տարբեր անսամբլներում և սիմֆոնիկ   նվագախմբերի  հետ` որպես մենակատար:  Աշխատել է Ա. Խաչատրյանի  անվան   քառյակում:
Միջազգային մրցույթների դափնեկիր է:
Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անդամ է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՍԵՄՅԱՆ 

Ալտ - Ալեքսանդր Կոսեմյան
ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Ծնվել  է  1946թ. Երևանում:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան`  պրոֆեսոր  Հ. Բոգդանյանի դասարանը:
1990 թվականից Կոմիտասի անվան քառյակի ալտահարն է:
Քառյակի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ավելի քան 30 երկրներում: Փոխադրել և մշակել է ալտի համար բազմաթիվ ստեղծագործություններ:
Աշխատել է որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր և «Գանձեր» անսամբլի  մենակատար: Մենահամերգներով  և նվագախմբերի հետ հանդես է եկել  Հայաստանում և արտասահմանում:

2008թ. Ա. Կոսեմյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անդամ:

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Թավջութակ - Անժելա Սարգսյան
Հանրապետական մրցույթների դափնեկիր

Ծնվել է 1987 թ. Երևանում:
1994թ. ընդունվել է Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց:
2004թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Մեդեա Աբրահամյանի դասարան:
 2010թ. ընդունվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ:
2010-2012թթ. մասնակցել է փառատոնների Բեռլինում և Լեհաստանում:

Հանրապետական մրցույթների դափնեկիր է:
Ունեցել է վարպետության դասեր հայտնի թավջութակահարներ Նատալյա Գուտմանի, Դավիդ Գերինգասի, Վահրամ Սարաջյանի, Կարինե Գեորգյանի, Ալեքսանդր Չաուշյանի մոտ:

Կատարողական վարպետության բարձր մակարդակ

«Մտովի հայացք ձգելով քառյակի կյանքին, «թերթելով» բազմամյա ու ոգեշունչ ստեղծագործության տարեգրքի էջերը հանոզվում ես, որ նրա ստեղծած երաժշտական կերպարները հիշողությանդ մեջ մնացել են անշեջ, թովչությամբ առլեցուն, անկախ այն բանից՝ հնչել է ռուսական, արևմտաեվրոպական թե հայկական երաժշտություն: Աղեղով, ասես վրձնով, նրանք ստեղծել են տարաբնույթ ու հուզիչ երաժշտական լայնածավալ կտավներ, որմնանկարներ ու մանրանկարներ՝ ունկնդրին հնարավորություն ընձեռելով հասու լինելու և ընկալելու ժամանակակից կյանքի իմաստը, զարկերակն ու ընթացքը, հպվելու անցած դարերի մեղեդիների թրթռուն ու կենդանի շնչին...»
«Այժմ՝ Կոմիտասի անվան քառյակի հոբելյանի օրերին, ակամա խորհում ես՝ ո՞րն է նրանց մշտական հաջողության, նրանց հմայքի գաղտնիքը: Ինչու՞ է այդ տարեթիվը վերածվել երկրի երաժշտական կյանքի նշանակալի իրադարձության, ինչու՞ է ձեռք բերել այդպիսի մեծ ու լուսավոր հնչեղություն: Այն պատճառով, որ գաղտնիքը ոչ միայն նրանց բացառիկ բարձր վարպետության, այլ նրանց ողջ գործունեության ուղղվածության մեջ է: Երբեք չձգտելով արտաքին փայլի կամ հեշտ հաջողության, քառյակի կատարողները ձգտել են արտահայտելու ներքին ճշմարտությունը՝ ամեն ելույթի մեջ ներդնելով իրենց սրտի ջերմությունը, իրենց ամբողջ տաղանդը, իրենց հոգու ու բարոյականության ուժը:»

ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ
ԵՐԵՎԱՆ, 1974

«Այդ հիանալի կոլեկտիվի ամեն մի նոր ելույթ, հիրավի, ունկնդիրներին պատճառում է անկեղծ բավականություն: Դեռ վերջերս քառյակի երիտասարդ կատարողների մասին խոսելիս մենք մտովի դառնում էինք հներին՝ անկրկնելի Ավետ Գաբրիելյանի գլխավորությամբ, և ակամա հարց էինք տալիս. իսկ ջահելները բարձրացել են, արդյոք, իրենց վարպետ նախորդների «պատվանդանին»: Այսօր մենք կարող ենք լիաբերան հաստատել, որ քառյակի՝ իրենց ուսուցիչների բարձր ավանդույթներով դաստիարակված երիտասարդ կատարողները, պահպանում են նոր խթանների հաջորդայնությունը: Եվ, ինչ խոսք, այժմ մենք ունենք արդեն ոչ թե պարզապես երիտասարդ կոլեկտիվ, այլ հասուն երաժիշտների ինքնուրույն համագործակցություն՝ իրենց անհատական ձայնով կատարողական անկրկնելի առանձնահատկություններով, գեղարվեստական հստակ դիրքորոշմամբ: Ունենք մի կոլեկտիվ, որը գեղարվեստական բարձր մակարդակով ներկայացնում է համաշխարհային և ազգային դասական երաժշտության հարստությունը և, որ առանձնապես կարևոր է, նպաստում է ազգային քառյակային գրականության ինտենսիվ զարգացմանը:»

ՄԱՐԳԱՐԻՏ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆ, 1986