ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2018


«Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումի փակման արարողությունը

Հուլիսի 6-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում կայացավ Արցախում առաջին անգամ անցկացվող «Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումի փակման արարողությունը։

Երեկոն մեկնարկվեց Կոմիտասի անվան պետական լարային քառյակի համերգով։ Էդուարդ Թադևոսյան (առաջին ջութակ), Սյուզի Երիցյան (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան(ալտ), Անժելա Սարգսյան(թավջութակ)։
Հնչեցին «Շողե՛ր ջան», «Ալ այլուխս», «Հաբրբան», «Հո՜յ նազան», «Շուշիկի» և այլ կատարումները։

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակին նվիրեց ավանդույթ դարձած նուռն ու խաչքարը, որոնց վրա փորագրված է կենտրոնի լոգոն։

-«Նարեկացի» արվեստի միությունն ունի յուրահատուկ նվեր, յուրահատուկ կոչում։ Մենք մեր ստեղծած տիտղոսը՝ որպես պարգևատրում, շնորհում ենք Կոմիտասի անվան լարային քառյակին։ Մեր կարմիր նուռն է և խաչքարը՝ «Նարեկացիի» նշանով, իսկ իմաստը հավատքն է և մշակույթը։

Համերգից հետո շնորհավորանքի խոսքերով մասնակիցներին, հյուրերին և «Նարեկացի» արվեստի միությանը ողջունեց Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շախվերդյանը։

Մինչ ցուցասրահ հյուրերին ուղեկցելը, կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանն իր շնորհակալությունը հայտնեց մասնակիցներին և կազմակերպիչներին.

- «Նարեկացի» արվեստի միությունը երախտապարտ է մշակույթի նախարարությանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին և բոլոր այն անհատներին, ովքեր միացան, օժանդակեցին, և սիրով աջակիցը դարձան սիմպոզիումի իրականացման գործում։

«ԲրուտԱրտ» կավագործության սիմպոզիումը կազմակերպվեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի կողմից, որին աջակցեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը։