ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2015


ՀԱՄԵՐԳ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԼԵՆՉԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին Լեհաստանի Լենչիցա քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լենչիցայի մշակույթի տան հանդիսասրահում պաշտոնապես բացվեց Լեհաստանում բնակվող հայ գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով հերթական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լենչիցայի քաղաքապետ Քշիշտոֆ Լիպինսկին, մտավորականներ, քաղաքի բնակիչներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` նշելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Լեհաստանի տարբեր քաղաքներում՝ կարևորելով յուրաքանչյուր մարդու իրազեկվածությունն ու մասնակցությունը: Դեսպանն ընդգծեց, որ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով ցուցահանդեսն իր խորհուրդն ունի, քանզի ծաղիկները խորհրդանշում են գարուն ու վերածնունդը, ինչը ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի ամրության, գեղեցիկ ապագա կերտելու ազնիվ ձգտումների վառ արտահայտությունն է:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո Լենչիցայի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակի համերգը: Այն նույնպես նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում լեհ հանդիսատեսին ներկայացվեցին ոչ միայն Եվրոպական դասական երաժշտության, այլև Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից: