ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2012


Կոմիտասի անվան ազգային քառյակի 90-ամյակին նվիրված համերգների շարքը մեկնարկեց Մայր բուհում25/12/2012

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ԵՊՀ ղեկավարության և Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհահռչակ քառյակը համալսարանականների ուշադրությանը ներկայացրեց ինչպես համաշխարհային դասականների, այնպես էլ Կոմիտասի մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և ուսանողներ: Հյուրերին նախ ողջունեց Կարինե Դավթյանը, ով շնորհակալություն հայտնեց քառյակին հոբելյանական համերգների մեկնարկը հենց ԵՊՀ-ում սկսելու համար, այնուհետև որոշ մանրամասներ ներկայացրեց քառյակի ստեղծման պատմությունից:

Ողջույնի խոսք ասաց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Մեզ համար մեծ պատիվ է այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում հյուրընկալել այսպիսի աշխարհահռչակ քառյակի: Շնորհակալ ենք, որ բուհական համերգների մեկնարկը Մայր բուհում է լինում»: Համալսարանականներին ողջունեց նաև 1967 թ-ից մինչև այսօր շուրջ 45 տարի քառյակը ղեկավարող ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ու միջազգային մրցույթների դափնեկիր, քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը:

«Մեզ համար հաճելի է և կրկնակի պատիվ է այսօր համալսարանականների առջև ելույթ ունենալը: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար»,- ասաց Էդուարդ Թադևոսյանը: ժամանակին Խորհրդային միության լավագույն քառյակը համարվող Կոմիտասի անվան ազգային քառյակն աշխարհում գործող հնագույն քառյակն է, որը տաղանդաշատ երաժիշտներ Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի կողմից հիմնադրվել է 1924 թ-ին Մոսկվայում:

2014 թ-ին լրանում է քառյակի 90-ամյակը: Այդ առիթով ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման հիմնադրամի աջակցությամբ քառյակն ամբողջ 2013 թ-ի ընթացքում կազմակերպելու է համերգների և միջոցառումների շարք:

Yerevan State University