ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Հուշեր, մտորումներ           

ԼՈՒՍԵՂԵՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ. "ԱԶԳ" Օրաթերթ-2007թ.

ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ – 60

«Կոմիտասի անվան հիանալի կվարտետն ասես արևի պես լուսավորեց ամբողջ հայ երաժշտությունը:

Այդ կվարտետի անկրկնելի գեղարվեստական մաները, նրա պոետիկան և էսթետիկան կարելի է համարձակորեն համեմատել Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի պոեզիայի հետ, մեր հնադարյան մանրանկարչության հետ, 20-րդ դարի հայ վարպետների բնանկարների հետ:

Ես շատ եմ համագործակցել կոմիտասցիների հետ, դա ինձ համար ոչ միայն երաժշտության, այլև մարդկայնության և ազնվության մեծ դպրոց էր»:

Կոմիտասի անվան աշխարհահռչակ քառյակի ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադևոսյանն իր գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեությամբ զարդարեց հայ կատարողական արվեստը և մեր մշակույթի պատմության մեջ գրանցեց իր ոսկե էջը:

Բազմազբաղ ուսուցչապետը ղեկավարում է նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետը, գլխավորում է Ավետ Գաբրիելյանի անվան հանրապետական մրցույթի ժյուրին, մասնակցում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի աշխատանքներին: Այս և այլ կոչումների տեղատարափում մեկն առանձնանում է. Էդուարդ Թադևոսյանը կոչումով մարդ է, ով իր կյանքը նվիրել է հայրենի մշակույթի պահպանմանն ու շենացմանը: Համաշխարհային «սիմֆոնիայում» ջութակահարը հնչեցրեց «մեր հին սազի ողբանվագ» արարատյան լարը, Գողթան երգիչների հաղթանվագ խաչատրյանական լարազարկերը: Թադևոսյանն իր քառյակով օտարներին հաղորդակից դարձրեց սարյանական գույներով շաղախված կոմիտասյան «ձայնանկարներին»: Մեր կարոտակեզ «Կռունկը», սիրավոր «Լորիկը», նախշուն «Կաքավիկը» թևածեցին աշխարհով մեկ: Օտար սրտերը բաբախեցին մերթ «Վաղարշապատի պարի» խրոխտ զարկերակով, մերթ՝ «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարի» ելևէջներով:

«Կոմիտաս» քառյակը աշխարհին դիմել է նաև Մոցարտի, Հայդնի, Բեթհովենի, Բրամսի, Դեբյուսիի, Շոստակովիչի և այլ մեծերի «լեզվով», նոր խոսք ասել և հարստացրել ուրիշների մշակույթը:

Թադևոսյանի արվեստի հզոր ազդեցության գործոններից մեկը և ամենակարևորը ազգային հենքն է, որ բյուրեղացրել է մեծն Կոմիտասը: Դաշնամուրին հասցեագրված ժողովրդական պարերի նոտաների վրա Կոմիտասը նշել է կատարման բնույթը՝ թառի, դափի, նայի (դուդուկի) և ազգային այլ նվագարանների ոճով: Ահա այդ ոճն է, որ դրսևորում է քառյակը՝ Սարգիս Ասլամազյանի մանրանվագներում, որոնք հիմնված են կոմիտասյան մեղեդիների վրա:

Ինչպես տեսնում ենք, հիշյալ պարերի թե ազգային, թե դասական նվագարանների տարբերակներում Կոմիտասը դրսևորել է կվարտետային մտածողություն: Եվ թղթի վրա մնացած Կոմիտասի այս մտահղացումները, ասես, վերհառնել են քառյակի առաջին թավջութակահար Սարգիս Ասլամազյանի մշակումներում, որոնք արդեն 80 տարի է՝ հնչում են ամենուր: Է. Թադևոսյանն առավել ընդգծեց քառյակի ազգային նկարագիրը և ոչ միայն նվագացանկը ընդլայնելով հայ կոմպոզիտորների նորանոր կվարտետներով, այլև՝ ներդնելով իր հայեցի հոգու ողջ կարողությունը:

Ազգայինի հանդեպ խոր սերը նրա մեջ արթնացրել է հայրը: Զոհրապ Թադևոսյանը մասնագիտությամբ ճարտարագետ էր: Նա նաև ինքնուս թառահար էր, և փոքրիկ Էդիկի երաժշտական առաջին տպավորությունները թառի հայեցի հնչյուններն էին: Մինչ օրս ջութակահարը հիշում է հոր սրտառուչ նվագը, մինչև օրս էլ թառը պահպանվում է Թադևոսյանների օջախում ու շշնջում վաղեմի մեղեդիների արձագանքը...

Ծնողները նրան տարան Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց: Ժամանակ անց տղայի տաղանդը նկատեց մեծ ջութակահար Ավետ Գաբրիելյանը: Էդիկը 6-րդ դասարանի սան էր, երբ տվեց իր առաջին մենահամերգը, որին և ներկա էր Կոմիտասի անվան լեգենդար քառյակի հիմնադիրը: Եվ ո՞վ կսպասեր, որ այդ երեխան հետագայում պիտի նստեր Ա. Գաբրիելյանի կողքին, իսկ հետո նրանից ընդուներ կվարտետի անմար ջահը...

1963 թվին Երևան էին հրավիրվել Արամ Խաչատրյանը և մի խումբ անվանի երաժիշտներ՝ մասնակցելու կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսություններին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փորձի ընդմիջմանը էդիկի դասատու Տատյանա Հայրապետյանը խնդրել էր կոմպոզիտորին լսելու 9-րդ դասարանցի իր սանին: Բավական էր, որ Էդիկը նվագեր մի հատված Ա. Խաչատրյանի կոնցերտից, որպեսզի հեղինակը դիմի Վիկտոր Պիկայզենին. «Վիտյա, դու կնվագես կոնցերտ-ռապսոդիան, իսկ Էդիկը՝ կոնցերտը»:

Դա անսպասելի էր: Հոբելյանական համերգին մնացել էր մեկ օր: Դա մեծ համարձակություն էր ե՛ւ կոմպոզիտորի, ե՛ւ պատանի երաժշտի կողմից: Եվ Էդիկն արդարացրեց վարպետի վստահությունը: Այս մասին է վկայում նաև Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում պահվող այդ նվիրական համերգի բուկլետը, որի վրա կոմպոզիտորը մակարգել է. «Талантливому Эдику с пожеланием успехов. АрамХачатурян 17.11.1963г»:

Դեպի վերելք տանող ճանապարհի հաջորդ «հանգրվանը» Թադևոսյանի ելույթն էր 1969 թ. Մոսկվայում, Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությանը: Եվ ահա այստեղ Թադևոսյանի նվագից տպավորված Ավետ Գաբրիելյանը հրավիրեց նրան Կոմիտասի անվան քառյակ:

Թադևոսյանի վերելքի բարձրակետերն էին Պոզնանում՝ Վենյավսկու անվան և Փարիզում՝ Մարգարիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան միջազգային մրցույթները, ուր նա արժանացավ դափնեկրի կոչման: Սա ավարտը չէր, այլ՝ սկիզբը Թադևոսյանի հաղթարշավի: Մի ջութակահարի, ով իր գեղարվեստական մկրտությունն ու օրհնությունը ստացել է երեք մեծերից՝ Ավետ Գաբրիելյանից, Արամ Խաչատրյանից և Լեոնիդ Կոգանից...

Թադևոսյանը մոսկովյան անվանի ջութակահարների՝ Գիդոն Կրեմերի, Վիկտոր Տրետյակովի, Լիանա Իսակաձեի պայծառ համաստեղությունից էր: Բայց նա գերադասեց վերադառնալ Հայաստան, սակայն չկտրվել նաև միջազգային «թատերաբեմից»: Նա ինքն էլ խոստովանում է, որ խոր արմատներ ունեցող «հողի մարդ է»:

Հայտնի է, որ Ա. Խաչատրյանի կոնցերտը հայ ջութակահարների պարծանքն է, որի յուրաքանչյուրի մեկնաբանություն կարծես տվյալ ջութակահարի «տարբերանշանն է»: Հակոբ Վարդանյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Ռուբեն Ահարոնյանի և այլ վարպետների համապատկերում Թադևոսյանի մեկնաբանությունն իր անկրկնելի «ձայնն ու գույնը» ունի: Ա. Խաչատրյանի կոնցերտն, ասես, Է. Թադևոսյանի ստեղծագործական կենսագրության «լեյտմոտիվն» է: Ուստի փոքր-ինչ մանրամասնենք այդ նշանավոր գործի հետ թադևոսյանական առնչությունները:

Թադևոսյանի մեկնաբանության ուժը պայմանավորված է նախ և առաջ այն հանգամանքով, որ պատանի երաժշտի առաջին իսկ կատարումը, կարելի է ասել, «բեմադրել է» հեղինակը: Կոնցերտի կատարելագործման, բյուրեղացման հաջորդ քայլն էր, երբ արդեն հասուն վարպետ դարձած, Թադևոսյանը կրկին դիմեց Արամ Խաչատրյանին՝ ճշգրտելու իր պատկերացումները: Ա. Խաչատրյանը և Լ. Կոգանը Էդուարդին ցույց տվեցին կոնցերտի երաժշտության «տիեզերքը». կոմպոզիտորը բացահայտում էր իր մտահղացումները, իսկ ուսուցիչն իր օրինակելի նվագով ցույց էր տալիս, թե ինչպես և ինչպիսի արտահայտչամիջոցներով կարելի է հասնել այդ մտահղացումների հնչյունային մարմնավորմանը: Այս ամենին գումարվեց նաև Է. Թադևոսյանի ինտուիցիան և հոգու էներգիան: «Ոչ ոք իմ կոնցերտը այդպես չի նվագում»,- խոստովանել է հեղինակը, այն էլ՝ Լ. Կոգանին, ում հետ, որպես դիրիժոր, Խաչատրյանը ձայնագրել էր կոնցերտը: Կոնցերտի 1-ին մասը Է. Թադևոսյանը կատարում է զուսպ, խոշոր «վրձնահարվածներով», իրեն բնորոշ ռիթմի սուր զգացումով ու տարերային ուժով: Այս մոնումենտալ կառույցին հաջորդում է հայ ժողովրդի ճակատագիրը արտացոլող 2-րդ մասը: Ջութակահարը սկսում է քնարական շնչով: Հետզհետե այդ մրմունջը վերաճում է ողբերգականության և վիթխարի ուժերի արթնացման:

Կոնցերտի ավարտը ցնծագին պար է, որում ջութակահարի վիրտուոզությունը ոչ մի պահ չպիտի առանձնանա, այլ պիտի ծառայի այդ համաժողովրդական հաղթական պարի բռնկմանը և ծավալմանը... Մեր այս դիտարկումների 2003 թ. անմոռանալի համերգի տպավորությամբ են արվում, որում Թադևոսյանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ էր կատարել կոնցերտը: Մինչ այդ Թադևոսյանը նույն կոնցերտով հանդես էր եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին նվիրված համերգներին: Որպես մի նվաճում, ջութակահարը հիշատակում է Ռիգայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած համերգը: Դիրիժորը Կարլ Էլիասբերգն էր, ով դեռ 1942-ին ռմբակոծվող Լենինգրադում իրագործել էր Շոստակովիչի «Լենինգրադյան սիմֆոնիայի» պրեմիերան: Թադևոսյանը հանդես էր եկել նաև Մոսկվայում՝ Սյունազարդ դահլիճում, Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի և նրա գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Մնացականովի հետ:

Հիշարժան է նաև 1998-ի պետերբուրգյան համերգը, որում սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Է. Թադևոսյանի նախկին սան Տիգրան Սարգսյանը: Վերը նշվածն անհնարին կլիներ իրականացնել, եթե ջութակահարը կատարելապես չտիրապետեր նվագարանին: Նա իր սաներին ևս հորդորում է մեծ ուշադրություն դարձնելու առողջ «արհեստին», առանց որի չի կարող վեր խոյանալ արվեստը, ինչպես արձանն առանց պատշաճ պատվանդանի:

Մեր զրույցներից մեկում անվանի պրոֆեսոր Կարպ Դոմբաևը Թադևոսյանի մասին ասել է. «Այն, ինչ մենք ձգտում ենք ձեռք բերել համառ և տևական աշխատանքով, մշակում «ստակկատո», «սպիկկատո» և այլ շտրիխներ, Էդիկին տրված է Աստծո կողմից, նրա աջ ձեռքը նախանձելի է»: Էդիկը երբեմն «օգտվում» էր այդ բնատուր առավելությունց: Եվ պատահական չէ, որ նա առանց տևական վարժությունների հեշտությամբ էր հաղթահարում բարդ ստեղծագործությունների կատարողական դժվարությունները: Պատմությանը հայտնի են ոչ շատ պարապող մեծ երաժիշտներ: Օրինակ, Ֆրից Կրայսլերը, Էդվին Ֆիշերը, Հենրիկ Շերինգը և այլք: Ի դեպ, վերջինս Էդիկի սիրած ջութակահարներից է, սակայն ոչ այն բանի համար, որ Շերինգը օրական չորս ժամից ավելի չէր պարապում...

...Ուսումնառության տարիներին մի քանի օրով մեկնել էի Մոսկվա: Ծանոթներս ցանկացան իմ կատարմամբ լսել հայկական երաժշտություն: Գնացի Մոսկվայի կոնսերվատորիայի հանրակացարան և խնդրեցի Էդիկին մի ջութակ տրամադրել: Նա սիրով տվեց իր ջութակը և ասաց, որ հինգշաբթի վերադարձնեմ, քանի որ... ուրբաթ օրը պիտի ելույթ ունենար: Սա իրոք զարմանալի վստահություն է սեփական ուժերին, մանավանդ եթե նկատի ունենանք Մոսկվայի կոնսերվատորիայի բարձրագույն պահանջները: Երբ այս պատմությունը հիշեցրի մաեստրոյին, ժպտալով ասաց, թե այսօր ինքը նման համարձակ քայլի դժվար թե դիմեր, թույլ չէր տա նաև իր սաներին...

Մեծապես կարևորելով տեխնիկայի դերը, վիրտուոզությունը, Թադևոսյանը Ժան Տեր-Մերկերյանի պես ջութակահարի վարպետության չափանիշը համարում է Մոցարտի երաժշտությունը: Քանզի այն պահանջում է լուսեղեն հնչյունների ճախրանք, հրեշտակային նրբագեղություն և ողբերգականություն, այսինքն երկրայինի և երկնայինի, դժոխայինի և դրախտայինի մի համադրում: Բևեռներ, որոնց միջև դեգերում է ու «թրծվում» դեպի կատարելություն և ազատություն մղվող մարդու հոգին: Ըստ Թադևոսյանի, Լ. Կոգանը Խորհրդային Միության առաջին ջութակահարն էր, որ Մոցարտի երաժշտության մեջ ընդգծեց առնական, ողբերգական տարրը: Եվ պատահական չէ, որ Է. Թադևոսյանն իր բոլոր նվաճումների գագաթներից մեկն է համարում Մոցարտի հայրենիքում, Վիեննայում տեղի ունեցած համերգը: Ավստրիացիք հիացած էին հատկապես Մոցարտի կատարման մակարդակով: Եվ ով Երևանում լսել է Մոցարտի կլարնետային կվինտետը Կոմիտասի անվան քառյակի և Ռաֆայել Բաղդասարյանի կատարմամբ, կարող է ինչ-որ չափով պատկերացնել ավստրիացիների զարմանքը: Նույնը կարելի է ասել Մոցարտի «Կոնցերտային սիմֆոնիայի» վերաբերյալ, որը Թադևոսյանը նվագել է հայտնի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի ընկերակցությամբ: Նույն նվիրումով ջութակահարը կատարում էր նաև Բախի երաժշտությունը, մասնավորապես, Երկու ջութակի կոնցերտը՝ Ռուբեն Ահարոնյանի հետ:

Մաեստրոն մեծ ներդրում ունի նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների նորաստեղծ երկերի տարածման գործում: Նրա նվագը ոգևորել է ու կյանքի կոչել նորանոր երկեր: Թադևոսյանին և իր քառյակին են նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ: Առանձին գոհունակությամբ է նա հիշում Մոզամբիկում և Շվեդիայում կայացած համերգները: Զարմանալի է, որ աշխարհի ամենաշոգ և ամենացուրտ երկրներից երկուսում նույն խանդավառությամբ ընկալեցին Սարգիս Ասլամազյանի մշակված կոմիտասյան մեղեդիները: Մոզամբիկում ամբողջ դահլիճը պար էր բռնել, իսկ Շվեդիայում ավելի քան տասը րոպե հնչում էին որոտընդոստ ծափերը: Այս գործերը ազգայինի ընդգծվածությամբ համամարդկային հնչեղություն ունեն և նպաստում են տարբեր մշակույթների մերձեցմանն ու ներդաշնակմանը:

Ինչպես և Ա. Խաչատրյանի Կոնցերտի մեկնաբանման պարագայում, այս գործերում ևս Թադևոսյանը դասականում ժողովրդական է և հակառակը՝ ժողովրդականում դրսևորում է դասականություն: Որքան էլ բազմաժանր լինեն Թադևոսյանի ծրագրերը, որքան էլ տարբեր լինեն նրա ունկնդիրների երաժշտական ընկալումները, չափանիշները, արձագանքը մեկն է` հիացմունք: Ահավասիկ մի քանի մեջբերում տարբեր երկրների մամուլից:

«Նրա բարձրաճաշակ նվագում նախ և առաջ դրսևորվում է տրամաբանական կուռ մտածողություն, մեծագույն կարգապահություն, կերպարների բացառիկ բնականություն» («Զախոդնիա Պոլշա», 05.02.1976, Լեհաստան):

«Ջութակի արքայազն է Թադևոսյանը, իսկական վիրտուոզ, ով ի զորու է հաղորդելու դասական երաժշտության ամենանվիրական «ուղերձները» («Լը Դոֆին Լիբերե», 12.02.1978, Ֆրանսիա):

Իսկ Մեքսիկայի «Ունիվերսալ» թերթը 1981 թվականի մարտի 24-ի համարում գրել է. «Աշխարհի լավագույն քառյակներից մեկն է` «բրավո» Կոմիտաս»...

Երաժշտության առաքելությունը՝ մաեստրոյի համար մարդուն ազնվացնելու, չարին հակադրվելու մեջ է, ճշմարիտ արվեստը օգնում է պահպանելու մարդու բարոյական նկարագիրը, ուժ և լավատեսություն հաղորդում փորձությունների ժամանակ: Լավատեսություն է ճառագում նաև Թադևոսյանի կենսահաստատ արվեստը:

1. Էդգար Հովհաննիսյան, «Կյանքս հուշերում», Երևան, 1998, էջ 178:

2. Б. Гутников, “Об искусстве скрипичной игры”, Ленинград, 1988 стр. 38):




 

ՁԳՏՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼԻՆՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ. լրագրող, մեկնաբան, Կոմիտասի անվ. ԵՊԿ դոցենտ

ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի, Միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվ.ԵՊԿ պրոֆեսոր, անվանի մանկավարժ, Երևանի Պ.Ի.Չայկովսկու անվ.Երաժշտական մասնագիտացված դպրոցի Տատյանա Հայրապետյանի դասարանի և Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի Լեոնիդ Կոգանի դասարանի շրջանավարտ ու շուրջ 40 տարի աշխարհահռչակ Կոմիտասի անվ. լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Զոհրաբի Թադևոսյանը այսօր ՙԵրաժշտական Հայաստան՚ ամսագրի հյուրն է:

-Պարոն Թադևոսյան, սկսենք նրանից, որ Դուք երկրորդն եք, Ավետ Գաբրիելյանից հետո քառյակի երկարակյաց անդամը` վեց տարի մեծ վարպետի կողքին, որպես երկրորդ ջութակահար, և 34 տարի անընդմեջ, գործող լարային աշխարհում ամենատարեց քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար: Իհարկե, սա Ձեր կոչումն էր ի վերուստ կանխորոշված:

Այո: 1969թ-ին Մոսկվայում, հանդիսավորությամբ տոնում էին Կոմիտաս Վարդապետի ծննդյան 100-ամյակը: Եվ բնականաբար համերգի առանցքը Մեծն վարպետի անվան քառյակն էր: Մինչև այդ արդեն Միջազգային երկու մրցույթի դափնեկիր էի և որպես մենակատար Ա.Գաբրիելյանն ինձ հրավիրեց մասնակցելու հոբելյանական այդ համերգին: Դրանից հետո, նույն թվականի աշնանը, նա ինձ առաջարկեց քառյակի կազմում մասնակցել Ռումինիայում կայանալիք հյուրախաղերին, փոխարինելով երկրորդ ջութակահար Ռ.Դավիթյանին (հիվանդացել էր¤: Հետո էլ առաջարկեց անդամագրվել քառյակին և 6 տարի ՙթրծվեցի՚ նրա ստեղծագործական լաբորատորիայում: Այնուհետև Մեծն Ավետ Գաբրիելյանը, պատճառաբանելով իր տարիքը, առաջարկեց ինձ իր ջութակը և առաջին ջութակահարի տեղը, ասելով. ՙՄոսկվայի գեղարվեստական թատրոնը չդադարեցրեց իր գոյությունը, երբ հեռացան այս, այս բեմադրիչ ղեկավարները, շարունակեց իր գոյությունը և ես, այս օրվանից Ձեզ եմ հանձնում իմ գործիքն ու տեղը, հուսով, որ Դուք պետք է շարունակեք այս գործը, գոնե 10-20 տարի՚: Եվ 1969թ-ի աշնանից իմ գոյությունը և կյանքս կապեցի Կոմիտասի անվ. լարային քառյակի հետ և մինչև այսօր շարունակում եմ իմ կյանքի գլխավոր գործը:

-Ձեր կյանքի գլխավոր գործն ի վերուստ կանխորոշված էր նաև` մենակատար-ջութակահարի առաքելությունը:

Այո, այստեղ ևս պետք է հիշատակեմ Ա.Գաբրիելյանին, որն ինձ անընդհատ ասում էր. ՙԱյսօր նվագեք այս կոնցերտը, վաղը Ն.Պագանինիի ՙ24 կապրիսը՚ և աշխատեք ժամանակը չկորցնել, քանի որ այսօր որպես 2-րդ ջութակահար, Ձեզ համար եք պատասխանատու, վաղը քառյակի համար եք պատասխան տալու՚: Մարգարեական խոսքեր էին, որովհետև քառյակի երկրորդ ջութակահարը լինելով, Խորհրդային Միությունում և արտասահմանում հաճախ էի հանդես գալիս, բայց հենց մեկ մետր մոտեցա բեմեզրին` երկրորդից անցնելով առաջին ջութակահարի տեղը, մեծացավ պատասխանատվությունը և ինչպես Ա.Գաբրիելյանը իր ժամանակին, իհարկե, մենակատարի գործունեությունն իր տեղը զիջեց, անցնելով 2-րդ պլան: Ազնվորեն խոստովանեմ` քանակի առումով, որովհետև ցանկության դեպքում շատ կարող էի մենանվագել, բայց քանի որ ինձ համար առաջնայինը միշտ բարձրակարգն է եղել, գերադասել եմ` հազվադեպ, բայց որակով:

-Պարոն Թադևոսյան, նվագախմբերը թվարկելն ավելորդ է, բազմաքանակության առումով, սակայն ո՞ր նվագախմբերին կառանձնացնեք, որոնց հետ հաճույքով եք հանդես եկել:

Իհարկե Սանկտ-Պետերբուրգի վաստակավոր կոլեկտիվը, Սվետլանովի նվագախումբը, Ռիգայում` քանի շնչում եմ, կհիշեմ Էլիասբերգի ղեկավարությամբ համերգը, որն ինչպես գիտեք Դ.Շոստակովիչի 7-րդ` ՙԼենինգրադյան՚ սիմֆոնիայի առաջին կատարողն էր: Եվ արտասահմանում, երբ միջազգային մրցույթների էի մասնակցում` Ֆրանսիայի ռադիոյի, Բուլղարիայում, Լեհաստանում, Հ.Վենյավսկու անվան մրցույթի ժամանակ, հրաշալի նվագախմբեր էին: Այդ առումով երջանիկ եմ, որովհետև շփվել եմ և' մեծ կոմպոզիտորների, և' մեծ երաժիշտ կատարողների հետ, և' փայլուն սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Լուսահոգի Դավիթ Խանջյանի հետ: Այսինքն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, անշուշտ, նրա հետ հանդես գալը ամենապատասխանատուն և պատվաբերն է, որի բարձրագույն որակի համար բոլորս ենք պատասխանատու և ոչ թե միայն ղեկավար այրերն ու ինքը` նվագախումբը:

-Եզակի է նաև այն առումով, որ ՀՊՖՆ, երևի աշխարհում նմանը չունեցող միատարր միակ նվագախումբն է, որը մենք պետք է պահենք, պահպանենք, սատարենք ու խրախուսենք, որ նրա կատարողական մակարդակն էլ համաշխարհայինին համապատասխանի: ՀՊՖՆ կազմակերպած երաժշտական փառատոներին մասնակից են լինում միջազգային մեծություններ, որը ևս լարված ու մշտարթուն վիճակում է պահում նվագախմբին:

Այո, նվագախումբ, որն ստեղծվել է անցյալ դարի 20-ական, ավելի հստակ` 1925թ-ին (Արշակ Ադամյանի ղեկավարությամբ¤ և փշոտ ու տատասկոտ երկար ճանապարհ անցնելով, դիրիժորներին փոխելով (միայն գլխավոր` 18 դիրիժոր¤, որոնցից ամենաերկարակյացը հանճարեղ Միքայել Մալունցյանն էր (1945-1960, 1966-67¤, եղել են նաև տխուր փաստեր Վալերի Գերգիևի հետ...

-Նվագախումբ, որը Խորհրդային Միության առաջատարների շարքին էր դասվում:

Ճշմարիտ հարցադրում: Դեռևս այն տարիներին նշանավոր երաժիշտների` Օլեգ Կագանի, Նատալյա Գուտմանի, Վիկտոր Տրետյակովի, Վլադիմիր Սպիվակովի, Անդրեյ Կորսակովի համար պատվաբեր էր Մերձբալթյան և Անդրկովկասյան հանրապետություններում և հատկապես Հայաստանում համերգ ունենալը, այն էլ Հայֆիլհարմոնիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: -Ցանկացած բնագավառում և' վերելքի, և' անկման տարիներ են լինում` և' բժշկության, և' ճարտարապետության, և' նկարչության ու գեղարվեստի, ընդհանրապես, ինչպես և երաժշտության ասպարեզում միջակությունները միշտ համախմբված են շատ կուռ շարքերով, կազմակերպված, որովհետև օժտված, տաղանդավոր մարդն իր գործն է կատարում, նրան այլևս ոչինչ չի հետաքրքրում և իր բարությամբ կարող է ցանկացածի օգնության հասնել: Իսկ ոչինչ չներկայացնող միջակությունը ջանում է խանգարելով ապրել: Իմ կարծիքով սա էր պատճառը, որ Գերգիևը, նաև հետագայում Ճգնավորյանը հեռացան (հեռացվեցին¤ Հայաստանից:

Վերը նշեցի որակական հատկանիշների մասին, այն ժամանակներում, այդ թվում և չինովնիկներին հետաքրքրում էր քանակը, եթե Գերգիևը չի կարող մեզ մոտ մեկ ամիս մնալ, ուրեմն փորձեր չեն լինի, ուրեմն դրանից ծագող բազում հարցեր և ուրեմն նա մեզ պետք չէր: Իսկ միգուցե նրա մեկ օրվա աշխատանքը հավասարազոր էր մյուսի մեկ ամսվա, կամ նույնիսկ մեկ տարվա կատարածի±ն... Ահա հիմնական պատճառներից մեկը և նաև խմբի մասնատվածությունը, որոնցում էլ միջակություններն էին, և են, զորեղ: Վերցնենք այսօր Ազգային օպերային թատրոնի շուրջ ծավալված անիմաստ և անհարկի ելույթները: Անբարո գործելակերպ է այս բոլորը: Այսօր դրվատանքի է արժանի Է.Թոփչյանի օտար դիրիժորների և երաժիշտների հրավիրելու նախաձեռնությունը, որովհետև մեկ դիրիժորի ընտելանալով նվագախումբը չի կարող ընդարձակել իր կարողությունները և առաջընթաց ունենալ: Այս մոտեցումը նաև հարստացնում է: Եվ ոչ թե քննադատության կարգով, այլ որպես բարեկամական խորհուրդ, իմ ցանկությունն է, որպեսզի փայլուն համերգների կողքին միջակ համերգներ չլինեն, որպես երաժիշտ իմ ցանկությունն է, որպեսզի պղնձյա փողային գործիքների խումբը վերանայի իր վերաբերմունքը գործին, ավելի բարձր մակարդակ հանդես բերելու համար: Ինչ վերաբերում է փողային գործիքներ կատա-րողներին, պետք է նշեմ, որ քառյակով շատ փայլուն երաժիշտների հետ ենք հանդես եկել և Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար կլառնետահարի և շատ-շատերի հետ և երբևէ արտասահմանում չեմ լսել, որ փողային գործիք նվագող երաժիշտը բողոքի, թե ցրտից կամ շոգից կլառնետի եղեգնյա լեզվակը ճեղքվել, լայն էր, նեղ էր կամ սառել էր, դրա համար էլ գործիքը ֆալշ է հնչում, իսկ մեզ մոտ ամեն քայլափոխի այդպիսի պատճառաբանություններ են լսվում: Ինչ վերաբերում է մեր գործիքների լարվածքին, ապա լարայինների մոտ էլ աննշան փոփոխություն լինում է: Անցյալ տարի, Հունաստանում, միջազգային մրցույթի հանձնախմբի կազմում էի, որին հիմնականում փողային անսամբլներ էին մասնակցում, սաքսոֆոնահարների աներևակայելի մի քառյակ լսեցի, ապա կլառնետ, դաշնամուր և ջութակ կազմի եռյակ, պարզապես փայլուն կատարում: Թե դա կատարողական դպրոցի յուրահատկությունն է, թե նրանց գաղտնիքներն են, չգիտեմ: Որպես հայ երաժիշտ, ես ցանկանում եմ որ մեր ազգային նվագախմբում պղնձյա փողային գործիքներն իրենց կատարողականով փայլեն այնպես, ինչպես լարային գործիքները: Այո, քննարկման անսպառ թեմա, որին մեկ զրույցում լուծում տալը, կամ դեղատոմս գտնել ու առաջարկել անհնարին է, սակայն պարզաբանումն անհրաժեշտ: Այդ թեմային մենք Ձեզ հետ կանդրադառնանք, դրանք հիմնականում կատարողական մեթոդների հետ են առնչվում, շնչառությունն է, դրվածքն է և շատ այլ բաղադրիչներ: Դառնանք քառյակին, որի հետ բազում երաժիշտներ են հանդես եկել, որոնց, ինչպես նաև Ձեր` բարձր մակարդակի կատարողական արվեստի շնորհիվ բարեկամացել և մինչև օրս էլ ստեղծագործական կապի մեջ եք, նրանցից ո±ւմ կհիշատակեք այսօր: Ձեր նշած Բրուներին, Սվետլանա Նավասարդյանին, Քիմ Քաշքաշյանին, Վիկտոր Մերժանովին, ալտահար Միքայել Տերյանին, Կետտի Մալխասյանին, որի համերգին Մոսկվայում ներկա էինք Ա.Գաբրիելյանի, Մ.Միլշտեյնի հետ, երբ նա նշեց. ՙԱյսօր այսպես չեն նվագում՚¬ ինչպես նաև Ա.Ռուբինշթայնի այն խոսքը, որ. ՙԳրպաններից օկտավաները հանում և շպրտում են, բայց երաժշտություն չկա՚: Հրաշալի անուններ հիշատակեցիք, ես էլ նրանց ավելացնեմ, մի քանի տարի առաջ Կոմիտասի անվ. լարային քառյակի հետ հանդես եկած մի դաշնակահար, կատարելով Ֆ.Շոպենի հատուկ դաշնամուրի և լարային քառյակի 1-ին Կոնցերտի մենակատարմամբ, մոսկվաբնակ` Մարիա Համբարյանին , որի մատները ոչ թե սահում ու թռչկոտում էին ստեղներով, լսողին արբեցնելով Շոպենի չքնաղ մեղեդիներով, այլև երգում էին դրանք, Ձեր օգնությամբ անշուշտ, որովհետև անսամբլային նման համաձուլվածք հազվադեպ է պատահում: Ցավում եմ, որ անցյալ ամռանը նա համերգ է ունեցել Երևանում և ես անտեղյակ, ներկա չեմ եղել: Լսելուց բացի կուզենայի նրան, իմ վաղեմի բարեկամին հանդիպել, որի ուղն ու ծուծը, մարմնի յուրաքանչյուր բջիջ երաժշտությանն է նվիրված և երաժշտություն է արտաբերում: Մտովի շրջագայեցինք երաժշտության անդաստաններում, կրկին վերադառնանք Կոմիտասի անվ. լարային քառյակին, որի առաջին կազմին փոխարինողներից միայն Դուք եք վեմի նման կայուն ու անդրդվելի, մյուս երեքը քանիցս փոխվել են, վերջերս էլ քանիերրորդ փոփոխությունը կատարվեց: Ինչպե±ս եք վերաբերում, կամ գնահատում այս երևույթը, որովհետև անսամբլային կատարողականության ոլորտում բազում բաղադրիչներ կան, որոնք պետք է համապատասխանեն խմբի բոլոր անդամների կատարողականին, այն կարևորագույն նշանակություն ունի: Եթե գործիքներով դիտարկենք, ուրեմն միայն առաջին ջութակահարներն են որ երկու երաժիշտ են եղել` երկու սերունդ: Վերջերս անդրադարձա և վերհիշեցի, որ մյուս գործիքները 7-ական անգամ փոփոխության են ենթարկվել: Երաժշտասերը 84տարի անընդմեջ ընտելացել էր լարային քառյակում միայն տղամարդ երաժիշտ տեսնելու, վերջերս ընդգցկվեցին խիստ մրցակցություն անցած, շնորհալի, երիտասարդ թավջութակահար Հասմիկ Վարդանյանը, երկու տարի առաջ էլ` Սյուզի Երիցյանը: Քանի որ Սուրեն Հախնազարյանը, որն իր կյանքի 23 տարին նվիրված քառյակի արտիստ էր, կես նոտայից հասկանում էինք միմյանց, երկատվել էր` ընտանիքը Մոսկվա էր տեղափոխվել, ինքն էլ անելանելի վիճակում էր: Սա փաստում է, որ մենք ղեկավարվում ենք երաժշտի վարպետությամբ և պրոֆեսիոնալիզմով: Կոմիտասի անվ. լարային քառյակն այսօր Էդուարդ Թադևոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ ստեղծագործական բուռն վերելք է ապրում և հրաշալի ծրագրեր ունի, որոնք, անշուշտ, կներկայացնի հանդիսատեսին: Եվ, իհարկե բազում հարցեր չընդգրկվեցին մեր զրույցում, որոնց հետագայում կանդրադառնանք: Այսօր միայն քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ մաղթենք աշխարհահռչակ այդ խմբին, որի օժտվածությունն ու տաղանդն անսպառ է:


 

Ժողովրդական արտիստ ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ. "ԱԶԳ" Օրաթերթ-2010թ.

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 86-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՔԱՌՅԱԿՈՒՄ`  ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
40-ԱՄՅԱԿԻՆ

Ի դեմս միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի, «Ժողովրդական» պատվավոր կոչումը ընկալվում է նաև որպես ժողովրդայնություն, նվիրում, հոգեհարազատություն ակունքներին: Հիրավի, ջութակահարի նվագը աչքի է ընկնում ժողովրդական արվեստին հատուկ տարերային հզորությամբ, անմիջականությամբ, իմպրովիզացիոն ազատությամբ: Նաև հռոմեացի պոետ Տիբուլլոսի գովերգած և Սարյանի պատկերած «Բուրումնավետ Հայաստանի» բույրով ու գունագեղությամբ: Ով գեթ մեկ անգամ լսել է ջութակահարին, նույնիսկ ձայնագրությամբ, կարող է նման պայծառացում ապրել: Լինի դա Արամ Խաչատրյանի մեծակերտ Կոնցերտը կամ Կոմիտասի երգերի հիման վրա` Սարգիս Ասլամազյանի ստեղծած կվարտետային մանրանվագները: Պատահական չէ, որ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը հենց Թադևոսյանին է ավանդել իր երախայրիքի ղեկավարությունը...

Այժմ հետադարձ հայացք ձգենք անցյալին:

Հիրավի, պատմությունը կրկնվում է: 1896 թվականին, Վիեննայում 14-ամյա հրաշամանուկ-ջութակահար Բրոնիսլավ Գուբերմանը պատրաստվում էր հանդես գալ Յոհաննես Բրամսի Կոնցերտի կատարմամբ: Հեղինակն էլ մտադրվել էր իր վրդովմունքը հայտնել հանդուգն պատանուն, քանզի իր կոնցերտի կատարումը պահանջում է հասուն վարպետություն, ֆիզիկական ուժ և այլն: Սակայն համերգից հետո հիացած կոմպոզիտորը նվիրել էր տղային իր լուսանակարը` հետևյալ ընծայագրով. «Ի բարի հիշատակ` երախտապարտ ունկնդրից»: Գրեթե նույնը տեղի է ունեցել Էդուարդ Թադևոսյանի հետ: 1963-ին Արամ Խաչատրյանն իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ժամանել էր Երևան: Այդ օրերին էր, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու Տատյանա Հայրապետյանն իր աշակերտներին ներկայացրեց հեղինակին և խնդրեց ունկնդրելու իր Կոնցերտը` Էդիկի կատարմամաբ: Եվ լսելուց հետո փարատվեց կոմպոզիտորի թերահավատությունը, ու պատանի ջութակահարը հանդես եկավ հոբելյանական երեկոյին: Համերգից հետո Արամ Խաչատրյանը բուկլետի վրա մակագրել էր. «Տաղանդավոր Էդիկին` հաջողությունների մաղթանքով»...

Մեծ վարպետի մաղթանքն իրականացավ:

Եվ ջութակահարը բռնեց վերելքի դժվարին ուղին ու հասավ երանավետ բարձունքների: Այս հաղթարշավում, անշուշտ, մեծ դեր է խաղացել նաև աշխարհահռչակ Լեոնիդ Կոգանը, որի ղեկավարությամբ Թադևոսյանն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Ինչ խոսք, առանց աստվածատուր շռայլ տաղանդի նման նվաճումներ չէին գրանցվի: Էդուարդը, կարծես, ծնվել էր ջութակահար դառնալու համար: Սա նշել է նաև անվանի մանկարվարժ Կարպ Դոմբաևը: Պրոֆեսորն ասում էր, թե մինչ ուսուցիչները երկար ժամանակ մշակում էին իրենց սաների աղեղի աշխատանքը, Էդիկն իր աջ ձեռքով հեշտությամբ հաղթահարում էր ամենաբարդ «շտրիխները»:

Ճիշտ է, որ ջութակահարները երկու գործիքի են տիրապետում՝ բուն ջութակին և աղեղին: Եվ շատ չեն այն ջութակահարները, որոնք Թադևոսյանի աղեղն ունեն: Սայաթ-Նովան քամանչան գովերգելիս, ասում է. «Ձարըտ ռաշի կուդեն պիտի, որ դուն խոսիս քաղցըր հանգով»... Այսինքն, աղեղի մազը հրեղեն ձիու պոչից պիտի փնջած լինի: Այդպիսին է նաև մեր ջութակահարի աղեղը: Նույնը կարելի է ասել ռիթմի զգացողության մասին: Ջութակահարը սովորական սեղանի վրա ռիթմերի այնպիսի տեղատարափ է թափում, որ նույնիսկ դհոլ նվագողները կզմայլվեն: Սա ևս բխում է ժողովրդականի հանդեպ նրա տածած սիրուց: Ջութակահարի հոգեկերտվածքի ազգային նկարագիրը առավել արտահայտվում է հենց հիշյալ կվարտետային մանրանվագներում:

Կա երգի մի տեսակ, որը Կոմիտասը բնորոշել է որպես «ձայնանկար»: Դրանք հովվերգական, քնարական երգեր են, որոնք արտացոլում են Հայաստանի բնաշխարհը, երկրագործի աշխատանքը, իղձերը...

Քաջ գիտակցելով երաժշտության անթարգմանելիությունը, կատարման և ընկալման սուբյեկտիվ կողմը, այնուամենայնիվ, ստիպված ենք համեմատություններ անելու, դիմելու կերպարավոր խոսքերի օգնությանը:

Ա.Խաչատրյանն ասում էր, թե Կոմիտասի անունը լսելիս, ամեն անգամ նրա առջև «պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը...»: Եթե միայն անունը այդքան բան է հիշեցնում, ապա առավել ևս խոսուն են Կոմիտասի երգերը, նրանց մշակումները: Եթե Ա.Խաչատրյանի Կոնցերտի հերոսական դրվագներում ջութակահարի աղեղը կարող է խորհրդանշել Թուր Կեծակին, ապա կվարտետային մանրանվագներում աղեղն, ասես, նկարչի վրձին է դառնում, իսկ Դմիտրի Շոստակովիչի, Առնո Բաբաջանյանի կվարտետների «Ժայռակոփ» դրվագներում, թվում է, թե աղեղը վերածվում է քանդակագործի մուրճի և հատիչի: Սրանց հակապատկերն են, օրինակ, «Ալ այլուղս», «Երկինքն ամպել է», «Կաքավիկ» պիեսները, որոնք նմանվում են հպանցիկ, հրաշալի տեսիլների: Այդպիսի տպավորություն ենք ստանում նաև շնորհիվ Թադևոսյանի նրբագեղ «պիցցիկատոների», և սրնգահունչ ֆլաժոլետների, որոնք կարելի է համեմատել մեղմ զեփյուռից թափվող ծաղկանց թերթիկների, հօդս ցնդող խատուտիկների: Այս երկերում ջութակի հնչողությունը մերթ նմանվում է դուդուկի, մերթ բլուլի կամ շվիի:

Դուդուկի հնչերանգն իր դամով հանդերձ առավել ակնհայտ է Առնո Բաբաջանյանի 3-րդ կվարտետում, որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին: Ի թիվս դասական այլ գործերի, Բաբաջանյանի այս նորարարական կվարտետը Թադևոսյանի ղեկավարած քառյակի բարձրագույն նվաճումներից է, ուստի անհրաժեշտ ենք համարում փոքր\-ինչ մանրամասնել:

Այս գործը կարելի է նմանացնել մի հյուսվածքի, որի վրա գծագրվում են հետևյալ տառերը` cis դո դիեզ), d ռե), h սի), ais լյա դիեզ): «Ոսկեթելով» ժանեկագործված այս տառերին համապատասխանող նոտաների հնչողությունը խորհրդանշում է Շոստակովիչի անվան և ազգանվան սկզբնատառերը` DEsCH մոնոգրամման: Բայց կվարտետում սա հնչում է կես տոն ցած: Կվարտետի 2-րդ ծածկագիրն է “a”(լյա) և “b”(սի բեմոլ) տառերը, որոնք հեղինակի անվան սկզբնատառերն են:

Շոստակովիչի մոնոգրամման առաջին անգամ տեսիլվում է 52-րդ տակտում` 1-ին ջութակի նվագաբաժնում, իսկ Բաբաջանյանի մոտիվը հնչում է 143-144-րդ տակտերում` 2-րդ ջութակի մեղմ «գլիսսանդոյով» վեր է սահում, միահյուսվում Շոստակովիչի միկրոթեմային: Սակայն ամբողջ ուժով Առնոյի մոտիվը թնդում է կվարտետի գագաթնակետում (Maestoso), որտեղ բոլոր գործիքները երեք ֆորտե ուժգնությամբ ազդարարում են ռեպրիզայի սկիզբը ու հաստատում հեղինակի անունը: Շոստակովիչի և Բաբաջանյանի մոնոգրամմաները պարունակում են և միավորվում կիսատոն ինտերվալով (փոքր սեկունդա), որը հաճախ է հանդիպում նաև հայկական ժողովրդական ողբերգերում: Ուստի կարելի է ասել, որ Բաբաջանյանի այս կվարտետը ոչ միայն ձոն է արվեստագետների եղբայրության, այլև Արևելքի և Արևմուտքի աշխարհայացքների, ազգայինի և համամարդկայինի ներդաշնակության:

Բաբաջանյանի 3-րդ կվարտետի հաջողությանը մեծապես նպասել է Թադևոսյանի կողմից` կոմպոզիտորի նոր լեզվամտածողության, նոր արտահայտչամիջոցների յուրացման ու վերարտադրման ճկունությունը:

Ավելացնենք նաև ջութակահարի կերպարանափոխվելու բարձր վարպետությունը: Հատկապես իրական և հանդերձյալ աշխարհների հակադրման տեսարաններում, «մահվան պարի» սահմռկեցուցիչ դրվագում և այլուր:

Թադևոսյանը այս ունակությունը ցայտուն կերպով դրսևորվում է նաև Էդվարդ Միրզոյանի կվարտետի «Մահվան պար» հիշեցնող վարիացիայում, որտեղ աղեղի բախումները լարերին կարող են խորհրդանշել շաչող սրեր (ինչպես Բեթհովենի 4-րդ կվարտետում), կամ այսպես կոչված, մահվան գերանդին:

Մինչդեռ թրթռացող աղեղի շարժումով, որ տեղի է ունենում Միրզոյանի կվարտետում, ջութակահարը` «Կաքավիկ» պիեսում վերարատադրում է թռչնակի թևերի ծափերը: Իսկ «Քելեր, ցոլեր» երկում կարող են խորհրդանշել սիրատոչոր հնձվորի գերանդին (ինչպես երգվում է Կոմիտասի երգում):

Կերպարաստեղծության ինչպիսի ահռելի դիապազոն... Եվ պատերազմի ու խաղաղության այս խորհրդանիշերի զուգահեռները չեն կարող չհիշեցնել բիբլիական հայտնի կոչը «սրերից ձուլել խոփ, գեղարդներից` մանգաղ»,(Միքիա, 4, 3):

Դասական և ժողովրդական արվեստի, սրանց տարրերի միաձույլը փոխադարձ հարստացնող երևույթ է: Այն յուրովի արտացոլվում է խաչքարերում, որտեղ ժայռաբեկորը վերածվում է ասեղնագործ կոթողի, երկնասլաց աղոթքի, Արարչի և բնության, սիրո և բարու գովերգության: Այդպիսին են նաև ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումները, դրանց կվարտետային մանրանվագները, Արամ Խաչատրյանի և այլ մեծերի երաժշտությունը: Այդպիսին է և թադևոսյանական քնարը... Ժողովրդականի և դասականի նման փոխներթափանցման պարագայում տեղի է ունենում, այսպես կոչված, սիներգիա (համագործակցություն, ընկերակցություն), այսինքն՝ երրորդ մի ուժ, զորություն, որը գերազանցում է նրանց պարզ, թվաբանական գումարը:

Առաջինը` դասականը, ձեռք է բերում տարերային ուժ, անմիջականություն, հանկարծաբանություն (իմպրովիզացիա), էպիկական շունչ, իսկ ժողովրդականը` կառուցիկ ձև, ոճի նրբագեղություն, ներդաշնակություն, և ի վերջո՝ համամարդկային հնչեղություն և նշանակություն:

Տեղին է մեջբերել Գարեգին Նժդեհի հետևյալ ասույթը. «Հայկական լավագոյնի- բարձր մարդկություն արտահայտող Գողթան երգերի բովանդակած վեհ գաղափարների-վերարծարծումն, նրանց պրոպագանդը հայ մտավորականութեան կողմից ո՛չ միայն հայկական, հայրենասիրական, այլև համամարդկային պարտականութիւն է» (Գարեգին Նժդեհ, Ասոյթներ, Ե., 2002, էջ 74): Սա է նաև Կոմիտասի անվան քառյակի և նրա ղեկավար Էդուարդ Թադևոսյանի հավատամքն ու առաքելությունը...

Արդեն 86 տարի է, ինչ ի լուր աշխարհի «երգում-մորմոքում» է կոմիտասյան քառյակը, և ավելի քան 40 տարի է, ինչ Թադևոսյանն իր արվեստով բերկրանք է պատճառում մեզ և օտարներին: Ինչպես հրաբուխի հրահեղուկը սառչելով ձևավորում է ու բարեփոխում բնաշխարհը, այնպես էլ ջութակահարն իր հրեղեն հնչյունների ժայթքումներով ու հրավառությամբ զարդարում է մեր հոգու բնապատկերը: Այսօր էլ այդ «հրաբուխը» շարունակում է աննվազ գործել, հրաբուխ, որի անունն է Էդուարդ Թադևոսյան: